«Հրապարակ»-ը գրում է. «Տևական բանակցություններից հետո նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. սկսել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, ՍՍՀՄ քարտեզների հիման վրա: Անորոշ ժամանակով երկարաձգվել է ռուսական կողմի ներկայությունը: Սյունիքով տրանզիտ ճանապարհը կվերահսկվի ՌԴ եւ ՀՀ սահմանապահների կողմից․ կգործեն սահմանապահ անցակետեր, ադրբեջանցիները կվճարեն ճանապարհից օգտվելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլար: Չի հաջողվել լուծել Գորիս-Կապան ճանապարհի հարցը, ռուսական կողմը խոստացել է ֆինանսավորել շրջանցող Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցումը»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց էր կատարել Վրաստանի Հանրապետություն, որն ավարտվել էր Բաթում քաղաքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբՎրաստանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները: Թե ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, պարզել հնարավոր չեղավ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Փաշինյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օրից կլրանա 44-օրյա պատերազմի առաջին տարելիցը․ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այդ կապակցությամբ 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել, որոնց նպատակն է՝ քննել, վեր հանել կատարվածի խորքը, հանրությանը ցույց տալ պատերազմի մեղավորներին եւ պատասխանատուներին։
Ընտրվել է խորհրդաժողովների, կլոր սեղանների ձեւաչափը, սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը՝ եռակողմ հայտարարություն ստորագրելու օրը, ընդդիմադիր դաշինքը հրապարակային, առցանց քննարկումներ կկազմակերպի, կլինեն հյուրեր, պատերազմի մասնակիցներ, զոհերի եւ վիրավորների հարազատներ եւ այլք, որոնք համատեղ համապարփակ քննարկում կծավալեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, մեղմ ասած, հնարավոր չէ շատ ակտիվ համարել: Սակայն ուշագրավ է, որ ինը համայնքից հինգում մասնակցում է նոր ստեղծված քաղաքական ուժ: Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է: Կուսակցությունը կմասնակցի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրություններին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունում այս ընտրությունները համարում են յուրատեսակ քննություն՝ ապագա ավելի մասշտաբային ընտրություններից և ընդհանրապես քաղաքական «թոհուբոհի» մեջ մտնելուց առաջ: Մեր տեղեկություններով, նաև այս տեսակետից է ուշագրավ այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն է ստացել սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, որի անվան հետ է կապվում «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը»:
«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 21-ին` Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն արդեն հայտնի է։
Բացումը կլինի ՀՀ ազգային օրհներգով, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա։ Այնուհետև տեղի կունենա դասական և էստրադային երաժշտության համերգ: Կներկայացվեն հայտնի ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»-ն,«Գարուն Երեւան»-ը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք»-ը, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադից» հատված, Արտո Թունջբոյաջյանի «Արարատ»-ից և այլն:
Ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Գևորգ Հակոբյանը, Ջուլիետա Գրիգորյանը, Սիրանուշ Գասպարյանը, Աննա Այվազյանը»: