Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այդ մասին տեղեկատվություն է տարածել Բաքվում Իրանի դեսպանատունը: Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, Գորիս-Կապան ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը և այլ հարցեր:
Նշենք, որ Գորիս-Կապան մայրուղին Հայաստանը կապում է Իրանի հետ։ Այդ ճանապարհի մի փոքր հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ Էյվազլի գյուղի շրջանում։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 12-ից Որոտան գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում և ստուգում են իրանական բեռնատարները՝ վարորդներից պահանջելով ուղեվարձը։ Իսկ սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ երկու իրանցիների ձերբակալության մասին, որոնց մեղադրել էին Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխման համար։