Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
«Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը քաղաքացիների ակտիվությունը նորմալ է գնահատում։ Ըստ դիվանագետի՝ ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։
ՌԴ դեսպանի խոսքով՝ Երևանում և Գյումրիյում հաշվառված են շուրջ 20 հազար ՌԴ քաղաքացի, սակայն յուրաքանչյուր ոք, ով ունի ՌԴ անձնագիր կարող է գալ և մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընթանում են Պետդումայի ընտրությունները։ Համավարակի պատճառով դրանք անցկացվում է երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ընտրական տեղամասը գտնվելու է Երևանում՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության տարածքում։ Ընտրություններին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, որոնց տարիքը քվեարկության օրը արդեն 18 է։