Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է հանդիպում անցկացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը ՝ նշելով, որ այդ առաջարկի մասին իրեն հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք փակ չենք հանդիպումների համար, բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան էլ կարող է դիվանագիտական կապեր հաստատել», – Էրդողանի խոսքը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ, իր խոսքերով, «Զանգեզուրի միջանցքի բացումը կծառայի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրների վերացմանը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր Թուրքիայի կողմից առկա դրական ազդակների առկայության մասին:
«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր նա կառավարության նիստում։