ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության օրվա առթիվ հանդես են եկել ուղերձներով։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի ուղերձում ասված է․
«Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։
Հայաստանի՝ իբրև անկախ պետության կայացումը, անքակտելիորեն կապված էր Արցախյան մեր հաղթանակի հետ, սնուցվում էր այդ հերոսական հաղթանակով, որը հայկական ինքնության մաս էր դարձել։ Ընդամենը մեկ տարի առաջ մենք հպարտանում էինք մեր զինված ուժերով և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության էական գործոն էինք:
Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ նաև ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը և մեր քաղաքացիներին։ Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին, և ինչը երկրին ուժ և աշխարհաքաղաքական արժեք էր տալիս։
Պետությունները կառուցվում են ազգային վերելքի շնորհիվ և հենվում ազգային միասնության վրա։ Պարտությունը և դա խորհրդանշող իշխանությունները չեն կարող ներշնչանքի և արարման աղբյուր լինել։
Այսօր, շնորհավորելով Անկախության Տոնը, ուզում եմ հույս և վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ։ Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա»։
Սերժ Սարգսյանի ուղերձում ասված է․
«Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:
Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար:
Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից:
Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել:
Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում: Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում: Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում:
Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին:
Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:
Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ:
Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին: Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:
Անկախության տոնը դեռ տոնելու ենք»։