Վերջին 30 տարիների ընթացքում Միացյալ նահանգներն ու Հայաստանը ցուցադրեցին ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի վրա:
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձում` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նվիրվածությունը և՛ այս ընդհանուր արժեքներին, և՛ իր միջազգային պարտավորություններին, ինչը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:
Նա բարձր է գնահատել Ամերիկայի հայերի ներդրումը երկրի զարգացման գործում` նշելով, որ Միացյալ նահանգների հայ համայնքը նպաստում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը:
«Միացյալ նահանգները՝ որպես համանախագահ երկիր, շարունակում է աջակցել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների վերացման գործում, այդ թվում՝ հայ գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը և մահացածների մարմինների փոխանակումը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:
Հիշեցնենք, որ 1991-ի այս օրը Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով քվեարկեց անկախության հռչակման մասին։
Հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը դրական պատասխան է տվել: Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: