ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում:
ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցում:
Պետդեպարտամենտի խոսնակի խոսքով՝ Բլինկենը երեքշաբթի երկկողմ հանդիպում է ունեցել Չավուշօղլուի հետ:
«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը: Նրանք խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14 -ին կազմակերպության Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանում: Ընդհանուր բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 21-27-ը: