«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Քվեարկության արդյունքներից հետո նա հեռացավ նիստից: Նրա հետ միաժամանակ հանձաժողովի նիստերի դահլիճը լքեցին ընդդիմադիր պատգամավորներ: Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը, խրամատը: Կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք էս օրակարգով հավերժ դատապարտված ենք նիստ անել 5 տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ գտնել ևս 1 թեկնածու, ստացվում է՝ Ղազինյանի գերին եք․ ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանեց Անդրանիկ Քոչարյանին․
«Ընդդիմադիր ուժերն այս մասով քաղաքական որոշում կայացրել են․ դրա հիման վրա էլ Արթուր Ղազինյանն առաջադրվել է չորրոդ անգամ»:
Հիշեցնենք, որ չորրորդ անգամ Արթուր Ղազինյանը չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Կողմ էին միայն «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն ընդդիմադիրների ձայները բավարար չէին ընտրվելու համար։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։ Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը: