ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում նախատեսում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
«Ես չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով անգործության է մատնված: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց, այնուամենայնիվ»:
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով համանախագահության ձևաչափի համապատասխանության վերաբերյալ հարցին:
«Մինսկի խմբի մեր համանախագահն այցելեց Բաքու և Երևան, այնտեղ անցկացրեց մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Ներկայումս երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ կլինեն հանդիպումներ միմյանց և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացն առաջ մղելու կարևոր գործիք»,- ասել է փոխնախարարը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը գտնվում են Նյու Յորքում`մասնակցելու ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեային: