«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ Օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական պատասխան։ Երեկ մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքն այս հարցով մոտեցել է Անձնագրային եւ վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատասխանել են, որ առայժմ անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա, եւ պետք է սպասել, ապա նշել են, որ վերջին մի քանի օրը ոչ աշխատանքային են եղել, եւ նորություն չունեն, թե երբ կարող են անձնագիր տրամադրել։ Անձնագրային բաժանմունքից հորդորել են դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն՝ «Օվիր»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը, որը երբեմնի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է, տեւական ժամանակ է` չի հաճախում նիստերին: Մեզ ասացին, որ առողջական խնդիրներով է պայմանավորված` վարակվել է քովիդով, բուժում է ստանում տանը, քանզի այնքան ծանր չէ վիճակը, որ հոսպիտալացվի, բայց շատ լավ էլ չէ` վիճակը երբեմն բարդանում է, երբեմն` կայունանում: Փաստացի, 29 հոգանոց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ-ում աշխատանքի գալիս է 25 պատգամավոր, մյուս չորսից երեքը կալանավորված են, մեկն էլ` վատառողջ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանում ամենաքննարկվող թեկնածուներից մեկը, երևի թե, Տիգրան Արզաքանցյանն էր, որի տարբեր տեսահոլովակներ դառնում էին սոցցանցային բուռն արձագանքների առիթ: Պարզվում է՝ Արզաքանցյանը բավականին ակտիվ ու հայտնի օգտատեր է նաև Տիկ-Տոկ սոցիալական ցանցում, որն աշխարհում ունի 1 միլիարդից ավելի օգտատեր: Հայաստանի քաղաքական գործիչներն այս սոցիալական ցանցում բավականին պասիվ են: Սակայն, ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանն այստեղ էլ է օրիգինալ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ․ կալանավորների մեծ մասը սպասումներ է ունեցել, որ անկախության 30-ամյակին համաներում կհայտարարվի: Ավանդույթի համաձայն, այդ օրը եւ հատկապես հոբելյանական տարիներին դա արվել է, եւ շատ դատապարտյալներ դրանից շահել են, ինչն այս տարի տեղի չունեցավ: Բանն այն է, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, եթե նախկինում քաղաքական իշխանությունը համաներումը սեփական շահին էր ծառայեցնում եւ գործարք առաջարկում կալանավորված հեղինակություններին՝ համաներվելու դեպքում իշխանության շահը պաշտպանել, ընտրություններին հօգուտ իշխանության աշխատել, այժմ դրա կարիքը չկա: Իսկ պատերազմից հետո էլ կալանավորների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին դեմ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես հրավիրված են եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին կառավարությունից: Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր երեք նախագահներն էլ չեն մասնակցել այդ միջոցառմանը՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի հրավերը: Երեկ՝ ամբողջ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից ամեն դեպքում պարզել՝ հրավեր ստացել են, թե ոչ, եւ ինչու չեն մասնակցել միջոցառմանը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ կառավարությունից վստահեցրին, թե բոլոր երեք ղեկավարներին էլ հրավեր եղել է»։