ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում։
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Չնայած մի շարք անորոշություններին՝ նախագիծն այնուամենայնիվ ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ողջունում են նախագիծը, նախաձեռնությունը, բայց տեսնում են որոշ խնդրահարույց հարցեր, խմբակցությունում տարբեր կարծիքներ կան, արդյունքում որոշել են երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը թողնել ազատ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ դեմ են քվեարկելու, սակայն պատրաստ են միասին աշխատել և գտնել համատեղ բարձրացրած խնդիրների լուծումները:
ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ կողմ է, սակայն պատրաստ են կողմ քվեարկելուց հետո ձևավորել աշխատանքային խումբ՝ շտկելու խնդիրները:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է նաև ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորում, ինչն ուժի մեջ կմտնի 2024 թվականից: