1․«Փաստ» թերթի տեղեկություններով, իմքայլական տարբեր գործիչներ պարբերաբար հեռախոսազանգեր ու հանդիպումներ են ունենում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ և փորձում համոզել որոշ պատգամավորների՝ դուրս գալ խմբակցության կազմից, իսկ նվիրված ու ակտիվ կուսակցականներին՝ հեռանալ կուսակցությունից։
Ավելին, այս գրոհներին զուգահեռ, իշխանությունները սոցցանցային հարթակներով ու ֆեյքերով տեղեկություններ են տարածում, թե մի քանի պատգամավորներ կլքեն ԼՀԿ շարքերը: Այս ամենի նպատակը ներքին խժդժություններ ձևավորելն ու կուսակցությունը հնարավորինս թուլացնելն է:
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ նման տեղեկություններ չունեն, բայց դա շատ հատուկ է իշխանությունների գործելաոճին, և բնավ չի բացառում։
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:
Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին։ Ուշագրավ է, որ այս հանդիպմանը խորհրդարանից ներկա են եղել միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ստացվում է՝ անգամ Արարատ Միրզոյանը չի հրավիրվել այդ հանդիպմանը:
Դրանից առաջ էլ՝ փետրվարի 3-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչին հաջորդեց ԵԽԽՎ համազեկուցողների կողմից հայտնի հայտարարությունը։ Եվ այդ անգամ ևս, ըստ էության, բանակցելու բեռն իր ուսերին վերցրեց ՀՀ վարչապետը։
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ ՍԴ աղբյուրների փոխանցմամբ, մինչև վերջին իրադարձությունները, ՍԴ-ում լոյալ վերաբերմունք է եղել պետական մարմինների դիմումներում տեղ գտած թերությունների նկատմամբ: Դրանք շտկվել են տեղում։
Հանրաքվեի որոշումը դրդել է վերանայել մոտեցումը: ՍԴ-ում պատրաստվում են ամփոփել և հանրությանը ներկայացնել վերջին 2 տարիներին իրենց ուղարկված «գոհարները» ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահի դիմումներում, գրություններում։ Դրանց մեջ կան Սահմանադրության, օրենքների պահանջների խախտումներ, սխալ հղումներ, խմբագրական և թարգմանական կոպիտ սխալներ:
Ի դեպ, նախօրեին բաց նիստում արդեն մի նմուշ ներկայացվել է:
4․ «Փաստ» թերթը գրում է, որ նախօրեին հայտնի դարձավ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս որոշումը կապված չէ միայն այն հանգամանքի հետ, որ ֆորմալ առումով նա ՔՊԿ ղեկավարն է: Իրականում, հասկանալի է, որ ՔՊԿ վարչության նախկին ֆորմալ նախագահների ժամանակ էլ (Արայիկ Հարությունյան, Սասուն Միքայելյան), այդ կուսակցության իրական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել և կա:
Ըստ թերթի իշխանական աղբյուրների, առաջնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ Պապիկյանը այն հազվագյուտ անձանցից է, ում, «գրեթե անվերապահ վստահում է Փաշինյանը. գրեթե, որովհետև վարչապետը ոչ մեկին անվերապահ չի վստահում»։
Մյուս կողմից, կարևոր հանգամանք է այն, որ Պապիկյանն ամբողջովին տիրապետում է վարչական ռեսուրսներին, մարզերում տիրող իրավիճակին, մարզպետների հնարավորություններին, ճանաչում է համայնքների՝ իշխանություններին հավատարիմ ու անկախ ղեկավարներին։
Պապիկյանի նշանակումն ինքնին տեղիք է տվել տարաբնույթ կասկածների, որ հենց վերոնշյալը հաշվի առնելով՝ իշխանությունները առավելագույնս կարող են կիրառել վարչական ռեսուրսը, եթե զգացին, որ հանրաքվեին անհրաժեշտ մասնակցություն, առավել ևս «Այո»-ի անհրաժեշտ քանակ չեն կարողանում ապահովել:
5․«Հրապարակ» թերթը գրում է, որ վերջին շրջանում եվրոպական կառույցների կոշտ գնահատականները՝ ուղղված ՀՀ իշխանություններին, «օդից» չեն՝ այդ ուղղությամբ աշխատում են նախկին իշխանության ներկայացուցիչները՝ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը։
Սրա դեմ իշխանությունները փորձում են պայքարել՝ փակելով նրանց ճանապարհը դեպի Եվրոպա։ Վերջին շրջանում սկսել են շատ հաճախ նրանց հրավիրել քննչականներ՝ հարցաքննության, և փորձում են հիմքեր գտնել՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելու համար, որ օրենքով սահմանված կարգով արգելեն նրանց տեղաշարժը երկրից։ Ամեն դեպքում, նվազեցնեն եվրոպաներում «դավադիր» հանդիպումների քանակը»:
6․«168 ժամ» թերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխգնդապետ Արթուր Գալստյանը, որը բաժնեմաս ուներ «ORSIS ARMS» ընկերությունում, և իր հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, որն աշխատում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) սպառազինության վարչությունում, զենքերի մատակարարման մրցույթների կազմակերպման հարցերում կարողանում են «ֆռռացնել» բոլորին՝ մինչև անգամ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, Պաշտպանության նախարարին, փոխնախարարին, քանի որ կան մասնագիտական նրբություններ:
Սա վերաբերում է նաեւ «Օրսիսի» ապրանքատեսակներին և շատ այլ մրցույթների:
Մասնավորապես, «Օրսիսը» հերթական խմբաքանակն է ցանկացել մատակարարել ՊՆ-ին, պայմանագիրը պետք է արդեն կնքվեր անցած տարի, իսկ մրցակից թիմը՝ «Ասպար Արմսը», ներկայացրել է մրցույթին իտալական բարձրակարգ հրացան՝ «Բերետտա»:
Երբ որոշել են այս երկու ընկերությունների ապրանքները փորձարկել՝ որոշելու, թե որն է ավելի լավը, արդյունքում «Բերետտային» հաղթել է «Օրսիսը», ինչը լուրջ փորձագետները, անշուշտ, աբսուրդ են համարում: Բայց դա, ըստ թերթի աղբյուրների, զարմանալի չէ, քանի որ Վիլեն Գալստյանի ուղիղ վերահսկողությամբ են կատարվում փորձարկումները, նա է կազմում տեխբնութագրերը, ինչի արդյունքում իրենց ընտանեկան կամ մերձավորների անուններով գրանցված բիզնեսների հետ չառնչվող ընկերությունները դուրս են մնում մրցույթից, թեպետ ավելի բարձր պահանջներ բավարարող ապրանքներ են ներկայացնում»:
7․«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀԷԿ-երի խնդրին:
Այս առումով ուշագրավ է թերթի աղբյուրների փոխանցած տեղեկատվությունը, թե բոլորովին վերջերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ վարչապետին են ներկայացվել հանրապետության տարածքում գտնվող ՀԷԿ-երի ցանկը, դրանց հետ կապված խնդիրները։ Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք։
Մասնավորաբար՝ ամբողջական ուսումնասիրություն կատարել, թե որ ՀԷԿ-ը ում է պատկանում և ներկայացնել ամփոփ պատկերը։ Նույն աղբյուրների պնդմամբ, առաջիկա ամիսներին այս հարցը առավել առանցքային է դառնալու, ավելին՝ իշխանությունները մտադիր են ՀԷԿ-երի շահագործման գործընթացին խոշորացույցով հետևել, որպեսզի առաջիկա սեզոնին նվազեցնեն, իսկ հնարավոր որոշ դեպքերում՝ նաև ամբողջապես արգելեն ջրառը։
Թերթի հասած տեղեկություններով՝ առաջնային թիրախում են հայտնվել նախկին իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք ՀԷԿ-եր ունեն։ Ուշադրության կենտրոնում են նաև ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ, որոնք զգալիորեն ներգրավված են եղել այդ բիզնեսում:
8․«Հրապարակ» թերթը գրում է, որ հանրաքվեն ինքնին շատ լուրջ ինստիտուտ է. և կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցող 50% +1 կողմ է քվեարկել, ասել է թե` եթե անգամ դու ավելի շատ «կողմ» ձայն հավաքես, քան մեկ տարի առաջ (800 հազարից ավելի), միևնույն է, բավարար չէ, եթե չկա բավարար մասնակցություն։
Բավարար թվով մարդիկ պետք է գնան, թեկուզ «չէ» ասեն, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի։ Հիմա իշխանությունների համար կենաց-մահու խնդիրը ոչ այնքան «ոչ»-ի շտաբի ստեղծումն է, որքան մասնակցության թվի ապահովումը։
Իշխանությունները գնում են խոշոր քաղաքների քաղաքապետերի ընտրություններն էլ ապրիլի 5-ին անելու ճանապարհով, որ մասնակցությունն ապահովվի։