Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ 1996 թվականին ընդունված օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ելնելով ՀՀ մի շարք օրենքներին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությունից և արդիականացնելու կարիքից: Մասնավորապես, փոխնախարարը հայտնել է, որ «հիվանդ» բառի փոխարեն այսուհետ գործածվելու է «պացիենտ» բառը: Բացի այդ, օրենքը համալրվել է նոր հասկացություններով եւ կարգավորումներով:
Սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, դրանց իրականացման պայմաններն ու մատուցման ձևերը:
Առաջարկվում է ներդնել բժշկական ծառայությունների մատուցման նոր համակարգ: Մասնավորապես, Հայաստանի մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտներին առավել որակյալ, արագ և մատչելի բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել հեռաբժշկության ծառայության վերաբերյալ կարգավորումները:
Այդ նպատակով ուսումնասիրվել է հեռաբժշկության ծառայություն իրականացնող մի շարք երկրների՝ մասնավորապես Նորվեգիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի փորձը. այժմ աշխարհում հայտնի են հեռաբժշկության ավելի քան 250 ծրագրեր:
Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը մանրամասն քննարկել է փաթեթը և տվել դրական եզրակացություն: Նա նշել է, որ հանձնաժողովը ներկայացրել էր 94 առաջարկ, որոնցից 82-ն ընդունվել է:
Քանի որ օրենքն առաջարկվում է փոխել ամբողջությամբ, ապա անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար օրենսդրական փաթեթն ու ոլորտին առնչվող խնդրահարույց հարցերը. նման տեսակետ են արտահայտել ելույթ ունեցող որոշ պատգամավորներ: Հիմնական զեկուցողը լսումներ անցկացնելու առաջարկը նպատակահարմար է համարել, թեև նշել է, որ փաթեթը բազմիցս քննարկվել է: