Այսօր՝ փետրվարի 11-ին, Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը: Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել «Միասնական հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, նա դուրս էր մնացել պետռեգիստրից: Այս հանգամանքը խոչընդոտ հանդիսացավ նրա` նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 9-ին «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը, արտահայտելով կուսակցության դիրքորոշումը, հայտարարել է, որ բանակցություններ են վարում գործող քաղաքական ուժերի հետ՝ նպատակ ունենալով Արցախում գործող ուժերի համախմբմամբ ընթանալ առաջ:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով»,-նշված է «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունում։