Հայ ազգային Կոնգրեսն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի մասին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական Դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր»:
Ըստ ՀԱԿ-ի՝ ակնհայտ է, որ 2015թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։
ՀԱԿ-ի իր հայտարարության մեջ հստակ ընդգծում է, որ այս քվեարկությունը ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվանն է և իրենք կողմ են ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը։
Միաժամանակ Հայ ազգային կոնգրեսը նաև վերահաստատում է Նոր Սահմանադրություն ընդունելու իրենց պահանջը և հայտարարում է, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը: