1․ «Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երևույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը: «Իրատեսի» հարցմանն ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տալիս: Թերթը նշում է, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի «Հանրաքվեի չեղարկման» մասին դրույթներում նմանօրինակ իրավիճակի վերաբերյալ ոչինչ գտնել հնարավոր չէ:
Եթե սովորական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանական, ՏԻՄ և այլն, օրենքը սահմանում է, որ թեկնածուն ինքնաբացարկ կարող է ներկայացնել ընտրությունից տասն օր առաջ, ապա այս դեպքում որևէ նորմ կամ տրամաբանություն չի գործում»:
2․«Ժողովուրդ» թերթը գրում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն այժմ կանգնած են կարևոր որոշման առջև։
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետը հնարավորություն է տալիս պատգամավորներին հանրաքվեի դրվող իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել ՍԴ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի նախաձեռնությամբ։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է ապահովել 27 պատգամավորի ստորագրություն։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է գործընթաց սկսել, եթե անհրաժեշտ քանակի ստորագրություններ ունենա։ ԼՀԿ-ն այժմ միայն 17 մանդատ ունի, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի քննարկել Սահմանադրության փոփոխության հարցը հանրաքվեի դնելու նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու գործընթաց սկսելու մասին հարցը, և այս պահին որոշում չունեն։ Նշվում է, որ 10 պատգամավոր էլ միանա, բավական է ՍԴ դիմելու համար»:
3․«Հրապարակ» թերթը գրում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում քննարկել է հանրաքվեի կազմակերպման բոլոր խնդիրները։Հանրաքվեի դեպքում հանձնաժողովները 7 հոգուց են. 2-ը՝ «Այո»-ի շտաբից, 2-ը՝ «Ոչ»-ի, 3-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովից։ Թերթի իմքայլական աղբյուրը նշել է, որ աբսուրդն այլ տեղ է` անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա: Այդքան լիցենզիա ունեցող մարդիկ հիմնականում ունի ՀՀԿ-ն՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հանձնաժողովների անդամներ էին։
Աղբյուրը նշում է, որպեսզի ֆրակցիաների վրա դրվի այդ գործառույթը, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնք սահմանադրական օրենքներ են, և զուտ ֆիզիկապես թերևս դժվար է։ Նշվում է, որ ժամկետների խնդիր կա՝ դրանք նախագահի ստորագրությունից հետո են սկսում գործել։ Հանձնաժողովի անդամները մինչև մարտի 1-ը պետք է հայտնի լինեն:
4․«Իրատես» թերթը գրում է, որ դեռ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պարբերաբար իշխանությանը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ էր անում, հետո խոսակցություններ եղան, որ հնարավոր է նա մանդատը վայր դնի։
Դրանից հետո Սասուն Միքայելյանը տևական ժամանակ լռում էր, մեկ էլ մի բուռն ելույթ ունեցավ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից։ Պարզվում է՝ ընդամենը մեկ մանդատի համար է այս 180 աստիճանի փոփոխությունը։
Թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել Սասուն Միքայելյանին ու «անջատողական» արշավ սկսած ևս մեկ պատգամավորի և հրահանգել՝ մանդատները վայր դնել։ Ընդ որում, բավական կտրուկ ու շեշտակի տոնայնությամբ․ եթե ուզում եք ընդդիմություն «խաղալ», մանդատները վայր դրեք։ Դրանից հետո նրանք, բնականաբար կարևորելով մանդատը, վերադարձել են ակունքներին, սկսել են սիրել Փաշինյանին իրենց «մեջ»։
5․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ և չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին:
Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու: Այս առնչությամբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ որևէ որոշում և քննարկում չկա դեռ: «Այո»-ի շտաբում չեն կարող լինել, իսկ «ոչ»-ի հետ կապված էլ կքննարկեն և կասեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով չեզոքություն է պահպանելու և քարոզարշավին չի մասնակցելու նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը:
6․ «Փաստ» թերթը գրում է, որ Մասիս Մայիլյանը, որն առկա իրավիճակում Արցախում նախագահական ընտրություններում հաղթելու շանս չի տեսնում, որոշել է, որ իր շանսերը միայն կավելանան ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ միավորվելուց հետո:
Իսկ Բաբայանն իր հերթին խորհրդարանում մեծ ներկայություն ապահովելու խնդիր է ուզում լուծել, որպեսզի նախագահական ընտրություններում ձախողվելու դեպքում Մայիլյանի հետ ընդհանուր մեծ թվով մանդատներ ունենան, ինչը հնարավորություն կտա օրվա իշխանության համար խնդիրներ ստեղծել:
Թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ «չեզոք գոտում» գաղտնի հանդիպել են Մայիլյանն ու Բաբայանը: Փաստացի, Արցախում նախընտրական գործընթացները բարդ փուլ են մտնում, որը հղի է լարված իրավիճակներով։
7․«Հրապարակ» թերթը գրում է, որ չնայած սահմանադրական հանրաքվեի որոշումն ընդունված է, բայց այս օրերին կառավարության տարբեր ներկայացուցիչներ զանգահարում են ՍԴ դատավորներին և առաջարկում հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի կամ Ռուստամ Բադասյանի հետ:
Իշխանությունը լուրջ մտահոգություն ունի ապագա հանրաքվեի ելքի հետ կապված, ինչի մասին են վկայում նաև սոցիոլոգիական հարցումները: Իշխանությունը հույս ունի, որ կկարողանա համոզել ՍԴ դատավորներից մի քանիսին՝ մինչև փետրվարի 27-ը վաղաժամկետ կենսաթոշակի դիմումներ գրել, և այդ հիմքով էլ կչեղարկեն հանրաքվեն:
Պատճառը միայն այն չէ, որ հանրաքվեի նախագիծն ընդունվել է Սահմանադրության կոպիտ խախտմամբ, նրանք հասկանում են, որ նախագիծը Վենետիկի հանձնաժողով չուղարկելը ծանր հետևանք է ունենալու իրենց և երկրի համար, և հանրաքվեն չեղարկելն ամենաձեռնտու տարբերակն է:
Մենք տեղեկացանք, որ հատկապես ինտենսիվ աշխատում են 3 դատավորի վրա, որոնցից մեկը Ֆելիքս Թոխյանն է»:
8․«168.am»-ի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերևս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով ծառայություններ, ինչը չի գործելու «Ryanair» և «Wizz Air» ավիաընկերությունների դեպքում:
Տոմսերի վաճառքի դադարեցման հաջորդ քայլը, իհարկե շուկան լքելը կլինի, և, ցավոք, «Tarom»-ը, թերևս, հայկական ավիացիոն շուկան լքող միակ ավիաընկերությունը չի լինի. խոսքը վերաբերվում է նաև «Air France», «Aegean», «Austrian airlines» ավիաընկերություններին… Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքող ավիաընկերությունը, ժամանակը ցույց կտա:
Իսկ մինչ հայկական շուկան կդատարկվի դասական ավիաընկերություններից, որոնք ոչ միայն տարբերվում էին իրենց ծառայություններով, այլև գումարներ էին մուտք անում պետական բյուջե, բյուջետային ավիաընկերությունները կշարունակեն հայ ուղևորներին թողնել Միլանի փողոցներում՝ առանց իրենց վրա պատասխանատվություն վերցնելու: