Թեպետ Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը, բայց այն դեռ խորհրդարանի համապատասխան գրությամբ պետք է ներկայացվի ՀՀ նախագահին:Այս մասին փետրվարի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ վաղ է խոսել Վենետիկի հանձնաժողովին կամ որևէ այլ միջազգային փորձաքննության դիմելու մասին։
«Նախագծի ընդունմանը հաջորդելու է Ազգային ժողովի համապատասխան գրությունը, որով ԱԺ որոշումը կներկայացվի Հանրապետության նախագահին: Նախագահն օրենքով սահմանված ժամկետում կնշանակի հանրաքվե: Դրանից հետո գործընթացին կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար, և կանցկացվի հանրաքվե»,- ասաց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման վերաբերյալ՝ Սահմանադրական դատարանի եզրակացություն ստանալուն, պատգամավորը նշեց, որ հստակ կարգավորում չկա։
«Տվյալ հարցում, իմ կարծիքով, ՍԴ 7 անդամներն ունեն շահագրգռվածություն, և ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»,- նշեց պատգամավորը: