ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 6-ին Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը՝ նշելով, որ սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է:
«Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալուն աջակցելու համար կարող է ստանալ 5000 դոլար կաշառք:
Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, և սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին և 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին:
Չգիտեմ ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց նման վիրավորանք հնչեցրած անձինք պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ սա նաև դրական իրադարձություն է, քանի որ եթե որևէ մեկը կար, որ կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու իրենց կամքին և վճռականությանը, հույս ունի, որ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել։
«Եթե կան էլի նման մարդիկ, մենք այդ մարդկանց ետևից անխուսափելիորեն գնալու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ձերբակալվել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։
Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: