Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի լիազորությունները կդադարեցվեն։ Նման որոշում է կայացվել այսօր` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստի ժամանակ։ Ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության քննարկման ժամանակ խմբակցության անդամ Հարթենյանը համաձայնել է մանդատը վայր դնել, և նա ինքն էլ հայտարարությամբ հանդես կգա։
«Վերահաստատեցինք մեր սկզբունքները, ասացինք, որ դա դեմ է որդեգրած սկզբունքներին։ Մենք խնդրեցինք և հորդորեցինք հրաժարվել մանդատից»,–ասաց նա։
Հարցին, թե որո՞նք էին Հարթենյանի քայլի պատճառը` Էյրամջյանը պատասխանեց, որ դա այնքան էլ կարևոր չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնում հրապարակել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու գրել. «Ժողովուրդ, սա Հրայր Թովմասյանի աղջկա էջն է, դե՝ ձեզ տեսնեմ»: