ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Նիդեռլանդների ԱԳ նախարարին տեղեկացրել է Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումների մասին՝ միաժամանակ կարևորելով ԵՄ-ի առաջատար երկրներից մեկի՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը, այն է հակամարտության կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Խոսելով Արցախում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիներին և Ադրբեջանում գերեվարված հայ պատանդներին հարազատների հնարավոր տեսակցության մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է․
«Սա օրակարգային հարց է, որի շուրջ քննակումները, հուսով ենք, առաջիկայում ավարտել, ինչը հնարավորություն կտա իրականացնելու նման մարդասիրական նախաձեռնությունը»։
Նախարարը նաև ընդգծել է, որ այս հարցն իրականում բավական զգայուն է, ձևաչափեր գտնելը բավական բարդ է։
«Կարծում եմ, պետք է շարունակել մտածել, գտնել լուծումներ, ինձ համար առաջնային հարցերից է մեր հայրենակիցներին ի վերջո Հայաստան վերադարձելը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։