ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի նախաձեռնողական է լինելու պարտադրելու Թուրքիային հարգել միջազգային իրավունքը, քանզի ծովային ելք չունեցող պետությունները միջազգային իրավունքի շրջանակներում ունեն արտոնություններ, իսկ Թուրքիան առնվազն երկու միջազգային կազմակերպությունների շրջանակներում ունի պարտավորություն չխանգարելու ծովային ելք չունեցող պետությունների մուտքը դեպի ծով։
«ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը լայն իմաստով մարտահրավեր է ՀՀ-ին, մեր անվտանգությանը։ Հարցը այդ կոնտեքստում դիտարկելով՝ նշեմ, որ այն մեր ազգային անվտանգության մարտահրավերներից ամենասուրերից մեկն է»,-ընդգծել Մնացականյանը։
Նախարարը նշեց, որ ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող երկրների խումբ և ՀՀ աշխատում է նաև այդ շրջանակներում՝ համագործակցելով այդ երկրների հետ։
«Իրավական դաշտում կոնկրետ քայլերի մասով մեզ ավելի հստակ հաշվարկ է անհրաժեշտ»,-նկատեց նա։