ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ուղերձ է հղել, որն ընթերցել է իր որդին՝ Լևոն Քոչարյանը, իր աջակիցների հավաքի ժամանակ։
«Ուզում եմ նախևառաջ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ Ձեր հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության, պարզ բառով ասած տղամարդկության համար։ Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը:
«Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի 100-ի հայտարարությունը։
ՀՀ երկրորդ նախագահը, միաժանակ, նշել է, որ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է և ստիպում է իրեն պայքարել կրկնակի եռանդով և չընկրկել որևէ դժվարության առաջ։
«Ուզում եմ իմանաք՝ բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր կապրենք առանց կեղծիքի ու ստի, առանց անամոթ պոպուլիզմի։ Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, և ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում, համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-նշված է Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ։