Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նշվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25- ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության մի շարք անդամներ, գեներալներ, սպաներ։
ՀՀ վարչապետը հանդիսավոր միջոցառմանը հանդես եկավ ելույթով, որում մասնավորապես ասվում էր․
«ՀՀ հարգելի պաշտպանության նախարար , ԶՈՒ գլխավոր շտաբի հարգելի պետ, կառավարության հարգելի անդամներ, պետական այրեր, պարոնայք գեներալներ, տիկնայք և պարոնայք սպաներ , շնորհավորում եմ բոլորիս Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակի առթիվ։
Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է այն ժամանակահատվածում, երբ Հայոց բանակը գտնվել է կազմավորման փուլում, վայելել իր փառքը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առթիվ։
Այս համալսարանը, այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա, և այս շինությունը՝ որպես հայոց պետականություն, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար, պիտի ամրանա , կառուցվի և ամուր կանգնի հայ ժողովիդի, ՀՀ, ԱՀ պաշտպանության դիրքերում»։
Վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ ծառայություն են իրականացրել, փառապանծ ծառայություն զինված ուժերում, և այդ ծառայության վրա է հիմված այսօրվա հզոր, մարտունակ ՀՀ բանակը, ԱՀ ՊԲ-ը։
«Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ․ հայտնի է ուժային ասպեկտը, հայտնի է հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ ամենաինտելեկտուալը։ Թույլ տվեք ասել, որ մարդկության պատմության առաջին օրերից մինչ օրս հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով. «Կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ ԶՈՒ–ն սպառազինության և տեխնիկայի զարգացման բոլորովին նոր փուլ է թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պիտի դառանա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առաձնահատկություններից մեկը»։
Վարչապետն իր ելույթում ընդգծեց նաև կանանց ներկայությունը ռազմական համալսարանի կուրսանտների շրջանում և շրջանավարտների շարքում․
«Ավելի քան մեկ տասնյակ կանայք ուսումնառություն են ստացել ռազմական համալսարանում և այսօր ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում, և այսօր էլ կուրսանտների շարքում տեսնում ենք կին ներկայացուցիչների և սա միանշանակ ողջունելի գործընթաց է, որովհետև մենք մեր ժողովրդի ամբողջական պոտենցիալը ներգրավելու հնարավորություն պիտի ունենանք ոչ միայն տնտեսության, ոչ միայն կրթության, այլև մեր երկրի անվտանգության ու բանակի մարտունակությունը բարձրացնելու գործում»,- ընդգծեց վարչապետը։