ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին: Քոչարյանը խոսել է Մարտի 1-ի գործի քննության, հասարակության կողմից իր հասցեին հնչող մեղադրանքների, քաղաքական դաշտի, Արցախի ընտրությունների և արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Խոսելով Մարտի 1-ի գործի մասին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր, մեղադրանքն ինքնին աբսուրդային է և ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի, թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ՝ հավելելով, որ ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:
Խոսելով իր հասցեին հնչող քննադատությունների և իր կալանքը սատարողների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ:
«Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր նախագահության տարիներին առողջ քննադատությանը պատրաստ է եղել: