ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքով արված հայտարարություններում փոփոխություններ չկան, բայց զարգացվում է այն ծրագիրը, որը նախկինում հայտարարվել է, այն է՝ կողմերը պետք է հումանիտար ծրագրերով առաջ գնան և ստեղծեն այն բարենպաստ մթնոլորտը, որտեղ հնարավոր կլինի վերջապես անցնել հիմնական բանակցային փուլին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Իգիթյանի խոսքով՝ հայտարարության ամենակարևոր կետն այն է, որ կոնֆլիկտի լուծումը բացի խաղաղ լուծման տարբերակից այլընտրանք չունի։
«Կարծքում եմ՝ Ադրբեջանին հիմա այս իրավիճակում ավելի դժվար կլինի փորձեր անել հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց ԱԺ պատգամավորը։
Հարցին՝ ի վերջո արտգործնախարարները հանդիպո՞ւմ են, թե բանակցո՞ւմ՝ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ընդամենը բառախաղ է՝ հանդիպում, թե բանակցություն։
«Եթե վերցնենք զուտ ԼՂ հիմնախնդրի հետ կապված բանակցությունը, ինչի համար ստեղծվել է Մինսկի խումբը, այդպիսի բանակցություններ չկան, բայց մյուս կողմից կողմերը բանակցում են՝ ինչպես սկսել բանակցությունները։ Եվ այն սկզբունքային մոտեցումը, որ բանակցային սեղանին պետք է լինի նաև Ղարաբաղը, կարևոր է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ Լավրովն իր ելույթով անուղղակի համաձայնություն տվեց նրան, որ ԼՂՀ–ն պետք է բանակցային փուլին մասնակցի