Դատարանի որոշմամբ՝ ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զինագործական ընկերությունը հանվել է Հայաստանի մատակարարների սև ցուցակից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հայ փաստաբանների կոլեգիայի անդամ, Հայաստանում ձեռնարկության շահերը ներկայացնող Ալեքսանդր Սիրունյանը:
ORSIS-ը ՀՀ ԶՈՒ-ին և Հայաստանի ուժային կառույցներին զենքի մատակարարների սև ցուցակի մեջ էր ներառվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել էր ընկերությունը:
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունն ավելի ուշ նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր որպես «չպատճառաբանված»:
Մրցույթի տապալման փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով (ծառայությանը անփույթ վերաբերմունք), որը ներկայումս Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում է:
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կազմակերպության միջնորդությունը և կասեցրել Հայաստանի ֆինանսների նախարարության որոշումը ORSIS-ը սուբյեկտների սև ցուցակի մեջ ներառելու մասին, որոնք իրավունք չունեն մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Ալեքսանդր Սիրունյանը:
Սիրունյանը նշել է, որ ORSIS-ը կրկին մրցույթների մասնակցելու և հայկական ուժային գերատեսչություններին մատակարարումներ իրականացնելու իրավունք ունի: