Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլավայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կա հարցերի միացյալ փաթեթ, որը վերաբերում է կարգավորմանն ու գործընթացի այլ հարցերին:
«Մեր դիրքորոշումը հայտնի է: Մեր առաջնահերթությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու նրա կարգավիճակը: Ինչ վերաբերում է մթնոլորտին, ապա վերջին շրջանում կա որոշակի համեստ արդյունք»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխայցերին:
«Տեսե՞լ եք ԱԳՆ հայտարարությունը, որում մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել շփման գծում զինվորի վիրավորման կապակցությամբ: Մեզ համար մեխանիզմները, միջոցառումները, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և բոլոր միջոցները, որոնք նպաստում են լարվածության նվազեցմանը, շատ կարևոր արդյունք են»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Պատասխանելով Ադրբեջանում ընթացող ներքին զարգացումների ու գործընթացների մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը հակված է խաղաղ կարգավորմանը՝ ցույց տալով անցած մեկուկես տարում խաղաղ գործընթացին մասնակցության լրջությունը:
«Ինչ վերաբերվում է Ադրբեջանում ներքին զարգացումներին, զերծ կմնամ մեկնաբանություններից»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցենք, որ դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։