Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել. այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Նա մասնավորապես նշել է. «Հարգելի՛ պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի»։
Դավիթ Խաժակյանը նաև նշել է, որ բանավեճի ժամանակ ինքը կհիմնավորի, թե ինչո՞ւ է պնդում, որ քաղաքապետի գործողություններում առկա են կոռուպցիոն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ Մարուքյանը կկարողանա կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։
Խաժակյանը նշել է, որ կսպասի արձագանքի, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվեն։