Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Սոորոնբայ Ժեենբեկովը, հանդիպման սկզբում ողջունելով ՀՀ վարչապետին, շեշտել է, որ այս հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները՝ հավելով, որ ՀԱՊԿ-ում երկու երկրների նախագահության ընթացքում ներդրվել են բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ:
«Մենք շահագրգռված ենք միասնական ջանքերով դիմագրավելու բոլոր հնարավոր մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնելու հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ»,- շեշտել է Ղրղզստանի նախագահը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ․
«Մենք ունենք հնարավորություն նոր թափ հաղորդելու առևտրատնտեսական կապերին, դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 21-րդ դարում աշխարհագրական հեռավարությունը խնդիր չէ, պետք է սկսել այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանը»։
Առանձնազրույցի ժամանակ ՀՀ վարչապետը և Ղրղզստանի նախագահը քննարկել են հայ-ղրղզական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ: