ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ցավակցական հեռագիր է հղել հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի ընտանիքի անդամներին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանի զավակցական հեռագրում մասնավորապես ասվում է․
«Խոր վշտով տեղեկացա սովետական հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին:
Կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ, իսկական հայրենասերը, պայծառ անձնավորություն: Նա եղել է հետախուզական պատմության փայլուն գործողությունների մասնակից: Մեծ հոգու տեր մարդ, ով իր ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին, իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքի ծառայությանը և պաշտպանությանը»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ողջ կյանքի ընթացքում Գևորգյանների ընտանիքը կապ էր պահպանում Հայաստանի հետ՝ բոլոր առումներով օգնելով երկրի կայացմանն ու ամրապնդմանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ լեգենդար հետախույզի և նրա սխրանքների մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում՝ իրական հայրենասիրության դասեր տալով ապագա սերունդներին:
«Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի բոլոր հարազատներին և ընկերներին»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագրում։