Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ նա կարող է վերադառնալ Հայաստան և բուժումը շարունակել Հայաստանում:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Սասուն Խաչատրյանը նշել է, որ Սյունիքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և նրա պաշտպանի կողմից ներկայացված բոլոր բժշկական փաստաթղթերը տրամադրվել են փորձագետին։
«Փորձագետը եկել է այն եզրակացության, որ այդ հիվանդության առկայության պայմաններում նա և՛ կարող է Եվրոպայում բուժումը շարունակել, և՛ կարող է տեղափոխվել Հայաստան»,- ընդգծել է Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: