«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցն այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երևանում հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնը։
Ռուդիկ Հյուսնունցը կարևորել է երկու կուսակցությունների միջև առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015 թվականին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում:
Արցախցի պատգամավորը նշել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը մշտապես հետևում է քաղաքական դաշտում Բերգի ունեցած հաջողություններին և, չնայած օբյեկտիվ խնդիրներին, Արցախի համար կարևոր պատուհան է բացում դեպի Եվրոպա:
«Մեր ժողովուրդն ունի քաղաքակիրթ աշխարհի հետ հավասար դասվելու բոլոր իրավունքները, և այս իմաստով յուրաքանչյուր սահմանափակում անընդունելի է մեր կուսակցության համար»,- ընդգծել է Հյուսնունցը:
Բերգը նույնպես ընդգծել է, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:
«Ադրբեջանի հակաժողովրդավարական այդ մոտեցումները չպետք է կիսեն եվրոպական միջավայրում, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու, որպեսզի Արցախի նկատմամբ առկա խտրական վերաբերմունքը վերացվի: Ես և իմ կուսակցական գործընկերները բարձր ենք գնահատում Արցախի ժողովրդի արդարացի պահանջները և այս հարցում Ձեր քաղաքական ուժի դերը շատ մեծ է: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ համագործակցությունը խորացնելու հարցում»,- ընդգծել է Եվրախորհրդարանի պատգամավորը։