ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նպատակուղղված աշխատում են, իսկ հանրությունը տեղյակ է իրենց դիրքորշումների ու մոտեցումների մասին:
«Մենք աշխատում ենք թիրախային և հետևողական, այդ հանդիպումները մենք երբևէ չենք դանդաղեցրել, չենք ձգձգել գործընթացը, և վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, հաջորդը լինելու է շատ շուտով՝ նախարարների մակարդակով»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ առաջիկայում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում ծրագրված չէ, բայց, իհարկե, չենք կարող բացառել այդպիսի հանդիպման հնարավորությունը:
Մնացականյանը շեշտեց, որ բանակցություններում կարևոր է, որ չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմը առավելապաշտական դիրքորոշմամբ փորձի ստանալ ամենը, մյուս կողմը՝ ոչ: Սա, ըստ նախարարի, տանելու է դեպի փակուղի: