«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է նախարարների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրուցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարքույանը նշեց, որ իր համար անընդունելի է նախարարների և պաշտոնատար անձանց աշխատավարձերի գաղտնի բարձրացումը։
ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ օրենքով սահմանված կարգով աշխատավարձերի բարձրացման առավելագույն չափը սահմանված է 30 տոկոս, սակայն Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենք առաջնորդվել են «Բյուջեի մասին» օրենքով», այդ իսկ պատճառով եղել է կրկնակի։
Մարուքյանը նշեց, որ եթե կա պարգևավճարի 30 տոկոս ֆոնդ և որոշներին տրվում է 100 տոկոս պարգևավճար, ապա կան սուբյեկտներ, որոնք ընդհանրապես գումար չեն ստանում:
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո մի շարք քաղծառայողներ Ֆեյսբուքյան նամակներով դիմել են իրենք՝ նշելով, որ չեն ստանում պարգևավճար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Կառավարության գաղտնի որոշմամբ բարձրացվել է որոշ նախարարների, պաշտոնյաների ու քաղծառայողների աշխատավարձեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ հաստատել է այս տեղեկատվությունը։