Ինչպես հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, այնպես էլ՝ ես, քանի դեռ Նաիրի Հունանյանը չի համագործակցել նախաքննական մարմնի հետ։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 20 տարի առաջ ՀՀ քաղաքական ընթացքը կրակահերթերի միջոցով շրջած անձը, չնայած տարբեր կարծիքներին, հնարավորություն ունի դիմելու պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, պետությունն էլ ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունն ինչպես իրացվի:
«Արդարադատության նախարարը նշել է, որ հանձնաժողովներից մեկը մերժել է, մյուսը կտա իր եզրակացությունը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։