Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Նշենք, որ մի խումբ իրավապաշտպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ իրենց բողոքի ձայնն են արտահայտում Արսեն Բաբայանի ձերբակալության առթիվ՝ նշելով, որ այն ոչ իրավաչափ է և հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին