Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄքԴոնալդը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և վերահաստատեց կառավարության հանձնառությունը՝ շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:
Զոհրաբ Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: