Այսօր տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» խորագիրը կրող ներդրումային համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մարզի գործարար շրջանակների հետ:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բիզնեսի «խաղի կանոնների» մասին դիտարկմամբ` նշելով, որ «խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, ինչը վերաբերում է բոլորին՝ և՛ պետական, և՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի տրամադրում, ապա նա գող է, դա նույնն է, ինչ պետական պաշտոնյայի գողությունը:
«Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով հաջորդ սկզբունքի մասին՝ նա նշել է, որ պետք է լինել արդյունավետ․ յուրաքանչյուրը մի միավոր ծախսելու դիմաց պետք է աշխատի ավելի շատ արդյունք ստանալ։ Երրորդը` անհրաժեշտ է լինել նորարար, չորրորդը` համագործակցող և թիմային:
Վերջին կետը վարչապետը մեկնաբանում է որպես գյուղացու և գործարարի միջև սերտ հարաբերությունների հաստատում:
«Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով մասնավորապես խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին:
Նշենք նաև, որ հանդիպման ժամանակ քննարկման առարկա են եղել մարզի բիզնես միջավայրի շուրջ ծառացած խնդիրները, հնարավոր ներդրումային ծրագրերը և բիզնես ներկայացուցիչներին հուզող այլ հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը։
Աղբյուրը հայտնում է, որ հանդիպման շրջանակներում արծարծվել են մասնավորապես գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր: