Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին փոխանցում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը մեր երկիր և կարևորել նրանց հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու և համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարևոր փոփոխություններին, կարևորվել ժողովրդավարությունը` որպես հայ հասարակության հավատամք:
Ըստ Վարչապետ` Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, և միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ և հաջող ընթացքին:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նշել են, որ հպարտ են այցելել Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետին և մտքեր փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման շուրջ:
Նրանք ընդգծել են՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգևորիչ են, և ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգում:
Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն նաև մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցի վերաբերյալ՝ նշելով, որ տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Արցախ և նրանց գնահատականները կարևոր նշանակություն ունեն քաղաքական, նաև հումանիտար առումով և տեղեկացրել, որ Հայաստանը կարևորում է Արցախում ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացումը:
Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ:
Անդրադարձ է եղել, մասնավորապես, ՄԶԳ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակման հարցերին: