ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխող ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծին կողմ է քվեարկելու: Այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ կլիներ, եթե «Իմ քայլը» քաղաքական դատավճիռ կայացներ որևէ դատավորի լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ
Տարոն Սիմոնյանը նշել է, որ կողմ է բոլոր այն գործընթացներին, որոնք համապատասխանում են Սահմանադրությանը, ԱԺ կանոնակարգ օրենքին և Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ընթացակարգերին:
«Հետևաբար, մենք կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության առաջ բերած նախագծին, այն հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը: Եվ դուք իրավունք ունեք կասկածելու, որ ՍԴ-ի որևէ դատավոր կատարել է էական կարգապահական խախտում»,- նշել է Տարոն Սիմոնյանը:
Տարոն Սիմոնյանը հույս հայտնեց, որ ՍԴ-ի ցանկացած դատավորի կողմից կարգապահական որևէ խախտման պարագայում «Իմ քայլը» նույն ջանասիրությամբ նույն իրավական գործընթացները կսկսի, քանի որ քաղաքական մեծամասնություն է:
Սիմոնյանը միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած գործողություն, որ կատարվում է Հայաստանում, պետք է համապատասխանի բացառապես օրենքին ու օրինականությանը՝ հավելելով, որ իրենք առաջինն էին, որ ժամանակին դատապարտեցին իշխող քաղաքական ուժի կողմից դատարանների դռները փակելու որոշումը: