Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման սկզբում Արմեն Սարգսյանը, ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին, անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ:
«Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել ենք տարբեր ողբերգությունների միջով»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ 21-րդ դարում ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվելու՝ նշելով, որ Հայաստանը 21-րդ դարում ավելի շատ հնարավորություններ է ունենալու, իսկ ժամանակակից աշխարհի մարտահրավերները պետք է դիտարկել իբրև հնարավորություն:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի հնարավորություն դառնալու նորագույն տեխնոլոգիաների զարգացման առաջատար. դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է մեր երկիրը դարձնել արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման կենտրոն: