Թուրքիան ծրագրում է 140 գյուղ և 10 քաղաք կառուցել Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող «անվտանգության գոտում», այս մասին հայտնում է«TRT Haber»-ը: Սիրիայի գրավյալ տարածքում նախագծի իրականացումը Անկարայի համար 27 մլրդ դոլար կարժենա:
Նախագիծը ընդհանուր ներառում է 200 000 բնակավայր։ Յուրաքանչյուր գյուղում 1000 տուն։ Քաղաքներում նախատեսվում է կառուցել 6000 տուն, յուրաքանչյուր բնակելի հատվածում կարող է բնակվել 5000 մարդ։ Հետևաբար, յուրաքանչյուր նոր քաղաքում կկարողանան ապրել 30 000 մարդ ։
Ըստ տեղեկատվության՝ գյուղերում յուրաքանչյուր տուն կունենա իր սեփական գյուղատնտեսական հողատարածքները: Քաղաքներում խոստանում են կառուցել հիվանդանոցներ, ֆուտբոլային դաշտեր, մզկիթներ, դպրոցներ և սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտներ։
Նշենք, որ այս տարվա օգոստոսին Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվեցին ստեղծել «անվտանգության գոտի», որը ձգվում է Եփրատ գետից մինչև Իրաքի սահման ։Սիրիան այդ գործարքն անվանել է «ակնհայտ ագրեսիա» երկրի տարածքային ամբողջականության դեմ և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի «ակնհայտ խախտում»: