ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ և, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է կառուցել Սինգապուրում:
«Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը և մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու: Նաև ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմամբ և արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձևավորելու ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը ևս այդպիսի հետաքրքրություն կդրսևորի»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ շատ երջանիկ է Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար: Ըստ նրա՝ և՛ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության, և՛ նրա անդամ պետությունների միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կնպաստեն հարաբերությունների զարգացմանը:
«Մենք ջերմ բարեկամական և դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,- նշել է Լի Սյեն Լունը:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի համար զգայուն երկու հարցի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես բազմաթիվ երկրներ, Սինգապուրը ևս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: