Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացավ հանդիպում ՀՀ վարչապետի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։
Սինգապուրի վարչապետն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Սինգապուրի պատվիրակության այցը կրում է երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակը:
«Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,- ասել է Լի Սյեն Լունը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ փոխադարձ բարձր մակարդակի այցելությունները կնպաստեն քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությանը:
Զրուցակիցները քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևրտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, այդ թվում` դատաիրավական, պետական կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:
Քննարկման է դրված եղել նաև երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացմանն առնչվող հարցեր, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվելիք համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Կողմերը անդրադարել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։