«Չեմ կարող ասել, թե ինչո՞վ է պայմանավորվում հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը. թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են»,-Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Լրագրողների այն հարցին՝ արդյոք հայկական կողմը պատրաստվում է պատասխան հարվածի, Դավիթ Տոնոյանը նշել է, որ այս պահին հայկական կողմը պատասխան տալու խնդիր չունի։
«Հայկական կողմն իր հումանիտար պարտքը կատարել է, պաշտպանության բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ»,- նշել է Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը. ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Երեկ երեկոյան ԿԽՄԿ-ի միջնորդությամբ չեզոք գոտուց դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին: