Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում այսօր վաղ առավոտյան մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:
Նշենք, որ զորավարժությունները կանցկացվեն մինչև հոկտեմբերի 5-ը և ընդգրկվելու են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Անցկացվող զորավարժության նպատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:
Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ: