ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը Գյումրիում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ադրադառնալով Եվրամիության հետ ՀՀ հարաբերություններին, նշել է, որ ԵՄ-ն համարում է Հայաստանի համար շատ կայուն գործընկեր:
Նա նկատել է, որ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզն առկա է, առկա է նաև ձևավորված մեխանիզմը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովում։
Գործնական առումով գործընթացը թևակոխել է այն փուլ, երբ արդեն դիտարկվում է իրականացումը:
Նախարարը հավելել է, որ երկու կողմերի միջև առկա է բավական լայն օրակարգ և ԵՄ-ն շատ կայուն ու ներգրավված գործընկեր է Հայաստանի համար:
Զոհրապ Մնացականյանը անդրադարձել է նաև ԵՄ-ից Հայաստան ուղղվող ֆինանսական աջակցությանը՝ նշելով, որ այս տարի նկատելի է զգալի առաջընթաց այս հարցում. գրեթե կրկնակի ավելացել է ԵՄ-ի կողմից աջակցության ծավալը՝ կազմելով 65 մլն եվրո, և աճի այս դինամիկան շարունակվում է:
Խոսելով եվրոպական հանձնաժողովի հարևանության, ընդլայնման և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցի մասին՝ Մնացականյանը նշել է, որ նա մեկն է բազմաթիվ այն գործընկերներից, որոնց հետ համագործակցություն է ընթանում: Նախարարը հավելել է, որ Մատերնովայի հետ երկխոսության հիմնական հարցերի շրջանակը վերաբերում է պայմանագրի իրականացման գործընթացի գործնական քայլերին։