ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ աշխարհի տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը և ուրիշներ:
Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ ընդգծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Մեծարգո վարչապետ,
Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։
Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող՝ կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։
Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։