Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակարը, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ։
Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ իրենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայեն` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված։
Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացմանը` ոստիկանության պետի ժամակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը:
Արման Սարգսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման հարցին, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականությանը:
Խորհրդակացության ընթացքում քննարկվել են նաև օպերատիվ և արտաքին ծառայություններին վերաբերող այլ հարցեր:
«Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ»,-ամփոփիչ խոսքում ընդգծեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` մաղթելով բարի ծառայություն: