Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, այլցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու օդանավակայանի անվտանգային համակարգին։
Նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Նախարարը շրջայց է կատարել օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնում և ուղեբեռների զննման կետում, որտեղ ժամանակակից սարքավորումների միջոցով հետևել է անվտանգության հսկողության կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ուղեբեռի ռենտգենային զննման գործընթացին։
«Օդանավակայանի անվտանգության համակարգը համապատասխանեցված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին»,- նշվել է ոլորտի պատասխանատուների կողմից:
Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները և ընդգծել, որ քաղավիացիայի անվտանգությունը երկրի անվտանգության կարևորագույն ցուցիչներից է։